Գլխավոր Ավելին

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ախտանիշներից մինչև բարդություններ և բուժում

Անոթային վիրաբուժության կլինիկա հաճախ են դիմում հետևյալ գանգատներով` ոտնաթաթերի ցավ, թմրածության և ծակծկոցի զգացողություն, վերքերի առկայություն:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության կլինիկայի անոթային վիրաբույժ Սառա Խոսրովյանը նշում է, որ հիմնականում այդ խնդիրների պատճառ են հանդիսանում շաքարային դիաբետի ժամանակ բոլոր տրամաչափի անոթների և ծայրամասային նյարդային համակարգի ախտահարումը:

Փոքր անոթների ախտահարումը սովորաբար չի հանգեցնում մեծ վերքերի, ուժեղ ցավային զգացողության առաջացման, այդ պատճառով հիվանդների մեծ մասը դիմում են արդեն ուշ փուլերում՝ մեծ տրամաչափի անոթների և ծայրամասային նյարդային համակարգի զուգակցված ախտահարման դեպքում: Իսկ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման ժամանակ արդեն (նեյրոպաթիա) պացիենտի ցավային/ջերմային զգայունությունը իջնում է, այսինքն՝ գանգատներ չեն լինում և հիվանդների առաջնային դիմելը, որպես կանոն, լինում է արդեն խոցանեկրոտիկ ախտահարման ժամանակ:

Բոլոր այս դեպքերում մենք գործ ունենք դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի հետ, որն իր մեջ ներառում է ոտնաթաթի նյարդերի (նեյրոպաթիայի) և անոթների (անգիոպաթիայի) ախտահարման նշաններ, այն արտահայտվում է փափուկ հյուսվածքների և ոսկրերի թարախաբորբոքային փոփոխություններով: Նշված գանգատների ի հայտ գալու դեպքում խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել անոթային վիրաբույժի խորհրդատվության:

Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ վաղ փուլում ախտանիշները անտեսելու և ուշ դիմելիության պատճառով ստորին վերջույթների բոլոր` ոչ տրավմատիկ բնույթի ամպուտացիաների մեջ շաքարային դիաբետով հիվանդները կազմում են կեսից ավելին (50-70%):

Առանձնացնում են դիաբետիկ ոտնաթաթ համախտանիշի հետևյալ ձևերը`⤵️

Նեյրոպաթիկ, ինֆեկցված ոտնաթաթ, որին բնորոշ է երկարատև դիաբետիկ անամնեզ, դիաբետի այլ ուշացած բարդություններ, ցավային համախտանիշի բացակայություն, մաշկային ծածկույթների սովորական գունավորում և ջերմություն, ոտնաթաթի զարկերակների վրա պահպանված անոթազարկ, բոլոր տիպի ծայրամասային զգայունությունների իջեցում:

Իշեմիկ` գանգրենոզ ոտնաթաթ, որին բնորոշ է արտահայտված ցավային համախտանիշ, մաշկային ծածկույթների գունատություն և ջերմության իջեցում, ոտնաթաթի զարկերկաների վրա պուլսացիայի բացակայություն և պահպանված զգայունություն: Այս վիճակին, որպես կանոն, զուգորդում է զարկերկային հիպերտենզիան և դիսլիպիդեմիան:

Խառը ձև (նեյրոիշեմիկ)

Բուժման 2 տեսակ կա՝ կոնսերվատիվ եւ վիրահատական, ընտրությունը պայմանավորված է, թե պացիենտը որ փուլում է դիմել:

Կոնսերվատիվ բուժումը սկսվում է հետազոտություններից (անոթների դուպլեքս սկանավորում, ռենտգեն հետազոտություն, ֆլորայի տեսակի և հակաբակտերիալ պրեպարատների նկատմամբ զգայունության որոշում, արյան, մեզի հետազոտություններ), այնուհետեւ նշանակվում է համակարգային և տեղային բուժում՝ համապատասխան դեղորայքի և վիրակապությունների միջոցով: Բուժումը իրականացվում է էնդոկրինոլոգի հետ համատեղ՝ շաքարային դիաբետը վերահսկելի դարձնելու նպատակով:

Իսկ վիրահատական բուժումը ցուցված է`

կոնսերվատիվ թերապիայի ոչ էֆեկտիվ լինելու, կրիտիկական իշեմիայի պահպանման և հարաճման դեպքում, որը կարող է հանգեցնել գանգրենայի, այդ դեպքում կատարվում է անկենսունակ հատվածի անդամահատում

խցանված կամ նեղացած լուսանցքով անոթների դեպքում բաց և էնդովասկուլյար մեթոդներով իրականացվում են վերականգնողական անոթային վիրահատություններ

Այսպիսով, երկարատև շաքարային դիաբետ ունեցողները դիաբետիկի ոտնաթաթի համախտանիշից խուսափելու կամ բարդությունները կանխարգելելու նպատակով Սառա Խոսրովյանը խորհուրդ է տալիս տարին առնվազն 1-2 անգամ դիմել ստացիոնար, մշտապես գտնվել էնդոկրինոլոգի, անոթային վիրաբույժի, սրտաբանի, երիկամաբանի, ակնաբույժի հսկողության տակ:

×
facebook sharing button facebook